Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Նախկիններն ուզում են իրենց ապագա տեսնել

Նախկիններն ուզում են իրենց ապագա տեսնել
05.05.2018 | 06:50

Մոդելավորենք իրավիճակը` իրադարձություններից մի քիչ առաջ անցնելով:

Ասենք, արդեն մայիսի 10-ն է` Հայաստանն ունի նոր վարչապետ, որ պարտավոր է կառավարություն կազմել: Ո՞վքեր են լինելու նորանշանակ նախարարները: Միայն ու միայն ՔՊ անդամնե՞ր: Ինչու՞ պիտի համաձայնության կառավարություն ձևավորվի: Ո՞վքեր են լինելու համաձայնվողները: Հարցերի հարցն այսօր արտահերթ ընտրությունների ժամկետն է: Ինչ անուն էլ տրվի նոր կառավարությանը, նախարարները լինելու են անցումային ու ժամանակավոր: Ու՞մ է դա պետք: Բնականաբար` ՔՊ անդամները ջանալու են օր առաջ արտահերթ ընտրություններին հասնել` պահելու համար համաժողովրդական ոգևորության ալիքը: Չլիներ Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգը, ընտրությունները կարող էին 1-2 ամսում էլ անցկացվել: Բայց խնդիր կա փոխելու Ընտրական օրենսգիրքը ու դա ժամանակ է պահանջում, բացի ժամանակից` ի՞նչ երաշխիք, որ ՀՀԿ-ն դեմ չի քվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխությանը (ընդհանրապես որևէ սկզբունքային փոփոխության): Նորի՞ց վարչապետը հրաժարական է տալու: Թե՞ շրջափակվելու են ճանապարհներն ու փողոցները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավատացնում է, որ մայիսի 8-ին խմբակցությունը բավարար ձայներ կտա Նիկոլ Փաշինյանին ու նա կընտրվի վարչապետ: Ակնհայտորեն ՀՀԿ խմբակցությունը բաժանվելու է 3 մասի` գաղափարականներ, որ դեմ կքվեարկեն` մի քանիսն արդեն ասել են, որ չեն պատրաստվում ձայն տալ Նիկոլ Փաշինյանին, գործարարներ ու համակիրներ, որ հաճույքով ու սպասումով ձայն կտան, և տատանվողներ, որ մինչև հիմա չեն կողմնորոշվում` ինչո՞վ կավարտվի հայկական թավշե հեղափոխությունը և պահպանու՞մ են իշխանությունը վերականգնելու շանսերը, թե՞ ոչ: Այս հատվածը ամենամեծը կլինի, որովհետև նրանք, ինչպես ամբողջ ՀՀԿ-ն, չի պատասխանել իր համար ամենացավոտ հարցին` ինչու՞ հանձնվեցինք: Ինչու՞ ՀՅԴ-ն որոշեց անցնել հեղափոխության կողմը և ի՞նչը Գագիկ Ծառուկյանին դրդեց հեռանալ ՀՀԿ-ի ուղեգծից: Մինչև 2022-ը այսպիսի խորհրդարանը չի ձգի: Արտահերթ ընտրությունների կազմակերպումն օրակարգի հիմնական հարցն է: Գործող Սահմանադրությամբ` կա 2 հիմք՝ երբ խորհրդարանը չի կարողանում վարչապետ ընտրել և երբ խորհրդարանը չի հաստատում կառավարության ծրագիրը: Եթե մայիսի 8-ին խորհրդարանը վարչապետ է ընտրում, մնում է կառավարության ծրագիրը չհաստատելը:
Վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում ձևավորվում է կառավարությունը: Կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետը Աժ է ներկայացնելու կառավարության ծրագիրը: Այսինքն` վարչապետն ընտրությունից 35 օր հետո պետք է խորհրդարան բերի իր ծրագիրը: Եթե Փաշինյանը ուզում է, որ խորհրդարանն արագ լուծարվի, ձգտելու է չստանալ հավանություն իր ծրագրին: Սահմանադրության 92-րդ հոդվածով ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է Աժ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո` հուլիսի 26-ին: Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանին գործող Ընտրական օրենսգրքով ընտրության գնալը: Չափազանց մեծ ռիսկեր: ՀՀԿ-ի ռևանշի:
Փոփոխությունները 35 օրում ռեալ չեն: Պետք է նաև ընտրական հանձնաժողովները վերակազմավորել: Մնում է վարչապետի կամավոր հրաժարականի տարբերակը` երբ լուծված են օրենսդրական և ընտրությունների կազմակերպման գործնական հարցերը: Եվ նորից ԱԺ-ն պիտի փորձի նոր վարչապետ ընտրել, երկու անգամ չընտրի ու լուծարվի: Ե՞րբ ու ինչպե՞ս: Թերևս աշնանը:


Ինչպե՞ս է կազմավորվելու կառավարությունը: Նիկոլ Փաշինյանն անվանեց համերաշխության կառավարություն: Համերաշխություն ու՞մ հետ:
Շատ տրամաբանական կլինի, եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի կառավարության կազմում ոչ մի նախարար չունենալ` «Կառավարիր որքան ուզում ես ու ինչպես ուզում ես, իսկ մենք կողքից կգնահատենք» սկզբունքով: Եվ ակնհայտորեն վատ ընդդիմություն չի լինի կառավարությանն ու վարչապետին` լիուլի հորձանք տալով վիրավորանքին ու չարախնդությանը: Մայիսի 8-ից հետո ՀՀԿ-ն հանգիստ կարող է սկսել հակահեղափոխությունը: Պետք չէ մոռանալ, որ ՀՀԿ-ն կառավարման համակարգում շատ մեծ ռեսուրս ունի ու այնպես չէ, որ բոլորը պատեհպաշտներ ու կարիերիստներ էին ու կուստոմսը օգտագործել են միայն անձնական նպատակներով: Ինչպե՞ս կընկալեն ՀՀԿ-ի հետ «համերաշխվելը» ՀՀԿ-ականների սևաերիզ դիմանկարներով փողոցներում հանրահավաք անողները:


Մի քանի ամսվա համար ԲՀԿ-ն ասպարեզ չի բերի իր խոստացած 15 միլիարդ դոլարը, եթե նույնիսկ վարչապետը իր ծրագրի հիմքում դնի ԲՀԿ-ի 15 կետերը: Գուցե նաև չցանկանա նախարար ունենալ` դարձյալ կարճաժամկետության պատճառով: «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ասել է` եթե վարչապետը որոշի, որ իրեն ոչ մի ուրիշ ուժ պետք չէ, մենք երբեք չենք լինի խնդրատուի դերում ու չենք հայցի ինչ-որ տեղեր: «Մենք չենք սատարել շարժմանը՝ մտածելով, որ սատարենք, որպեսզի կառավարությունում կարողանանք տեղ ունենալ։ Կարծում եմ՝ այսօր «Ծառուկյան դաշինքը», առանց կառավարությունում տեղեր ունենալով, առնվազն ոչ պակաս հեղինակություն ունի կառավարությունում տեղ ունեցող քաղաքական ուժերից»։
ՀՅԴ-ն պարտավոր է ծանրութեթև անել նոր վարչապետի ծրագիրն ու համադրել իր գաղափարախոսության ու ծրագրերի հետ` առավելևս Աղվան Վարդանյանի նկատմամբ գերսկզբունքայնություն դրսևորելուց հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ապագա կառավարության հնարավոր անդամների տարբեր անուններ են շրջանառվում Դավիթ Տոնոյանից Ֆելիքս Ցոլակյան, Խաչատուր Սուքիասյան, Հրանտ Բագրատյան և այլք: Սկզբունքորեն «նախկիններն» իրենց ուզում են ապագա տեսնել: Թեկուզ մի քանի ամսով:

Դիտվել է՝ 3217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ